Հայտնի ֆիզիկոսներ

Ջեյմս Ջոուլի մասին

Image result for ջոուլ

Ջեյմս Փրեսքըթ Ջոուլ, անգլիացի ֆիզիկոս, բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող հոսանքի և անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համակարգը։ Նրա անունով է կոչվել էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ (Ջ)։

Ծնվել է ունևոր ընտանիքում. հայրը գարեջրի գործարանի սեփականատեր էր: Տասնհինգ տարեկան հասակից աշխատել է հոր գործարանում, տասնվեցից՝ սովորելուն և գիտությամբ զբաղվելուն զուգընթաց՝ մասնակցել այդ ձեռնարկության կառավարմանը, մինչև 1854 թվականը, երբ այն վաճառվել է:

Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի մոտ և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841 թվականին նա բացահայտել է (Էմիլի Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք)։

1843–1850 թվականներին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։ 1851 թվականին Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները, մասնավորապես, նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել է իդեալական գազիհամար։ Անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ)։ Կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում։

Միավորների միջազգային համակարգում 1 Ջ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 Ն ուժի կիրառման կետն ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ–ով։ 1Ջ=1Ն.մ

Իսահակ Նյուտոնի մասին

Related image

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը (25 դեկտեմբերի 1642թ. — 20 մարտի 1726թ.) ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665թ. ավարտել է Քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով:

1669-1701թթ. գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672թ. Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703-23 թթ-ին՝ նախագահ: 1695թ.-ից եղել է դրամահատարանի տեսուչ, իսկ 1699թ.-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705թ. նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր գիտական վաստակի համար):Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66թթ.: Նա 23 տարեկանում մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև): Հայտնագործել է նաև տիեզերական ձգողականության օրենքը:Պրիզմայի օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր գույների լույսերի խառնուրդ է: 1672թ. հրապարակած «Լույսի և գույների նոր տեսություն» աշխատությունում նա առաջադրել է լույսի մասնիկային տեսությունը և առաջարկել լույսի ալիքային ու մասնիկային պատկերացումները համատեղող գիտական վարկած: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի երկարությունը:

1687թ. հրատարակած «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» հիմնարար աշխատությունում Նյուտոնը շարադրել է երկրային և երկնային մեխանիկայի մի կուռ համակարգ: Նա տվել է մատերիայի, շարժման քանակի և ուժերի սահմանումները, ձևակերպել նյութական մարմնի շարժման իր նշանավոր օրենքները, արտածել շարժման քանակի պահպանման օրենքը: Այդ աշխատությունում շարադրել է նաև ձգողականության տեսությունը, մշակել երկնային մարմինների շարժման օրենքները և այլն:Աշխատելով լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը: Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումներ, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:

Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ: Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը: 1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2 արագացում: 1Ն=1կգ . մ/վ2:Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնի շիրմաքարին գրված է. «Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, ազնվական, ով գրեթե աստվածային բանականությամբ մաթեմատիկայի ջահով առաջինը բացահայտեց մոլորակների շարժումը, գիսավորների ուղիներն ու օվկիանոսների մակընթացությունները: Նա հետազոտեց լուսային ճառագայթների տարբերությունները և դրանցով դրսևորվող գույների տարբեր հատկությունները, որը մինչ այդ ոչ ոք չէր ենթադրել»: